Համահայկական խաղերի մասնակից Բաթումի թիմն այցելել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն
SocietyԵրևանում կայացած 6-րդ Համահայկական ամառային խաղերին մասնակցած Բաթումի թիմն օգոստոսի 18-ին այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հետ հանդիպում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվությա ն եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորել է բաթումահայ երիտասարդներին հաջող ելույթների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր մարզական հաջողություններ:
Գլխավոր հյուպատոսն իր երախտագիտության խոսքն է ուղղել հյուպատոսություն հրավիրված բաթումահայ բարերար, ներկայումս մոսկվաբնակ Գևորգ Կեսոյանին, ում մեկենասությամբ թիմը ձեռք է բերել մարզական հագուստ:
Ողջ թիմի անունից ՀՀ գլխավոր հյուպատոսին և Գևորգ Կեսոյանին շնորհակալական խոսք է հղել «Աջարիայի հայերի միություն» կազմակերպության նախագահ Գրիգոր Վարդանյանը:
Այնուհետ ՀՀ գլխավոր հյուպատոսը թիմի անդամներին ու նրա ղեկավարներին բաժանել է 6-րդ Համահայկական խաղերի հավաստագրերը: