Սևանա լճի առափնյա հանգստյան տներից մեկում ջրից աղեստամոքսային խնդիրներ է ձեռք բերել ութ անձ
SocietyՍևանա լճի շրջակայքում գտնվող հանգստյան տներից մեկում ծննդյան տարեդարձը նշած մի շարք անձինք աղեստամոքսային գանգատներով դիմել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին ծննդյան տոնին մասնակցած 24 անձանցից 8-ի մոտ օգոստոսի 17-ին նկատվել է բարձր ջերմություն, փսխում, լուծ:
Այժմ հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է համապատասխան բուժում: Կատարվում են լաբորատոր հետազոտություններ:
Համաճարակաբանական հետազոտություններ են իրականացվել նաև հանգստյան տանը: Պարզվել է, որ հանգստյան տան ջրամատակարարումն իրականացվում է ափամերձ հատվածում գտնվող 3 մ խորությամբ հորից, որն առանց վարակազերծման տրամադրվում է հանգստացողներին:
Համադրելով համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները` կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է տեղային (լոկալ) բռնկում` պայմանավորված ջրային գործոնով:
Հիմք ընդունելով վերջին ամիսների ընթացքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի ակտիվացումը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում տնտեսվարող կազմակերպությունների ղեկավարներին` լինել բարեխիղճ և գործունեության կազմակերպման մասին տեղեկացնել ոլորտը հսկող տեսչական մարմիններին` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահանջները, քանի որ անպատասխանատու աշխատանքի արդյունքում տուժում է քաղաքացին: Իսկ քաղաքացիներին հիշեցնում և հորդորում է հանգստյան վայր ընտրելիս հատուկ ուշադրություն դարձնել հանգստյան տների սանի տարահիգիենիկ վիճակին: