Հնչակյան 20 նահատակների մասունքները կամփոփվեն Երեւանում
SocietyՍոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ջանքերով Հնչակյան 20 նահատակների (Փարամազը և 19 նահատակները) մասունքները Թուրքիայից կբերվեն Երեւան եւ կամփոփվեն հայրենիքում:«Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանն ասաց, որ գործընթացը մոտ է ավարտին եւ շուտով անկախ Հայաստան ունենալու գաղափարի համար իրենց կյանքը տված երիտասարդները պատշաճ կերպով կվերահուղարկավորվեն մայրենի հողում:
«Գործընթացը շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20 հերոսները, ովքեր պատկանում են հայ ազգին, այլ ոչ թե միայն ՍԴՀԿ-ին, պատշաճ կարգով վերահուղարկավորվեն մայրենի հողում: Այս մարդիկ Ցեղասպանության առաջին զոհերից էին, ովքեր զոհվեցին պայքարի ճանապարհին: Մեր 20 հերոսների մասունքների վերահուղարկավորումը մի երազ էր, որը, մոտ ապագայում իրականություն կդառնա»,- ասաց Սեդրակ Աճեմյանը` հավելելով, որ ներկա դրությամբ կուսակցությունը Հայաստանի պատկան մարմինների հետ բանակցություններ է վարում այս խնդրի հետ կապված: Կուսա կցությունում վստահ են, որ նման համազգային իրադարձության համար պատվավոր տեղ կհատկացվի:
Փարամազ կամ Մատթեոս Սարգսյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, ՍԴՀԿ անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և որոշ ժամանակ զբաղվել ուսուցչությամբ: 1897թ. իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հատատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»։ 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։ 2001թ. նրա ծննդավայրում` Մեղրիում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։