ԵԱՀԿ –ն աջակցում է Հայաստանի Օրհուս կենտրոններում բնապահպանական իրավունքի դասընթացների անցկացմանը
SocietyԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ օգոստոսի 20-ին մարզային Օրհուս կենտրոններում կազմակերպել է նախատեսված մի շարք դասընթացներից առաջինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, դասընթացներն ոււղված են Օրհուսի կոնվենցիայի երրորդ հենասյան՝ արդարադատութ յան մատչելիության շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների բարձրացմանը:
Օգոստոսի 20-ի դասընթացն անցկացվել է Ապարանի Օրհուս կենտրոնում: Այս տարվա ընթացքում համանման ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի բոլոր 15 Օրհուս կենտրոններում: Դասընթացների ընթացքում կներկայացվեն իրավաքննական գործընթացների իրավական մեխանիզմները, որպեսզի ամրապնդվեն Կոնվենցիայի չափանիշները տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև տեղական բնապահպանական իրավունքի դրույթները:
Գևորգ Դանիելյանը, ով վերոնշյալ ՀԿ-ի փորձագետն է, կներկայացնի տեղական Օրհուս կենտրոնների կողմից բարձրացված հիմնախնդիրների համար իրավական արդյունավետ լուծումներ և կառաջարկի ծագած խնդիրների վարչարարական կարգավորման համապատասխան ուղիներ:
Դասընթացները նախատեսված են տեղական Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցների, գիտական և բիզնես համայնքների համար: Դասընթացների ընթացքում քննարկվելու են Օրհուս կենտրոնների և ինչպես տեղական, այնպես էլ այլ վարչական մարմինների միջև փոխհարաբերությունները:
Որպես այս դասընթացների արդյունք` նախատեսվում է մշակել էկոլոգիական իրավունքի պաշտպանության երաշխավորման համապատասխան մեթոդաբանական ուղեցույց, որը կներառի ինչպես պետական կամ մասնավոր հաստատություններից տեղեկատվություն ստանալու համար դիմումաձևերի օրինակներ, այնպես էլ մի շարք այլ բնույթի փաստաթղթեր: