Արծվանիստ գյուղի կենտրոնական ճանապարհը հիմնանորոգման հրատապ կարիք ունի
SocietyԳեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում կենսական նշանակության խնդիրների մեջ բնակիչներն առավել կարեւորում են գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, գյուղի կենտրոնական ճանապարհի երկարությունը կազմում է երեք կիլոմետր, որը չի հիմնանորոգվել անցած դարի ութսունական թվականներից ի վեր:
«Ասֆալտի շերտը վնասված է գրեթե բոլոր հատվածներում: Տեղական միջոցներն անբավարար են նման ծավալի հիմնանորոգում իրականացնելու համար, իսկ ճանապարհների դժվարանցանելի վիճակը խորանում է տարեցտարի: Ի դեպ, մեր ճանապարհների քարուքանդ վիճակը եւ անհրապույր տեսքը տհաճություն են պատճառում ոչ միայն մեր բնակիչներին, այլ նաեւ հազարավոր զբոսաշրջիկների եւ ուխտավորների, ովքեր մեր գյուղ են գալիս` միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց համարվող Վանեվանը տեսնելու նպատակով: Խնդիրը տեղում դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրի գորյանը, իսկ մենք հույսով սպասում ենք ՀՀ կառավարության աջակցությանը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ` Արծվանիստի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման խնդիրը ներառված է մարզի ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերում. այն մարզպետի կողմից ներկայացվել է կառավարության ուշադրությանը:»
Խոսրով Խլղաթյան