Հոգեբույժները կոչ են անում ԶԼՄ-ներին զերծ մնալ բռնությունների և դժբախտ պատահարների լուսաբանումից
SocietyՀոգեբույժները կոչ են անում ԶԼՄ-ներին բնակչությանը հավելյալ սթրեսի չենթարկելու համար զերծ մնալ բռնությունների և դժբախտ պատահարների անհարկի լուսաբանումից:«Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ներին դժբախտ պատահարների և բռնությունների դեպքում խնայել հասարակության հոգեկան առողջությունը: Վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալներ և անհիմն ենթադրություններ են հանրայինացվում: Դրանք, որևէ օգուտ չտալով ընթերցողներին, միայն անհանգստություն, լարվածություն, հուսահատություն և տագնապ են առաջացնում նրանց մոտ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
Մասնագետը նշեց, որ հետևելով լրատվական շատ կայքերում ամենաընթերցվող նյութերի ցուցակին, պարզ է դառնում, որ այնտեղ գերիշխում են դժբախտ պատահարների և սպանությունների դեպքերն ու դրանց մանրամասները, որոնք բացասական ազդեցություն են թողնում բնակչության հոգեվիճակի վրա:
Արմեն Սողոյանը նաև նշեց, որ իրենց ասոցիացիայի անդամները պատրաստակամ են աջակցելու ՀՀ պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս: