Սրտաբանները սրտանոթային հիվանդություններով տառապողներին հորդորում են շոգ օրերին ավելի զգոն լինել
SocietyՀայաստանում սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը հասնում է մոտ կես միլիոնի, և հատկապես ամառային շոգ օրերին նրանք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը:
«Շոգ օրերին օրգանիզմից մեծ քանակությամբ հեղուկի գոլորշացման արդյունքում արյունը խտանում է, և բարձրանում է խցանումների առաջացման ռիկսը: Իսկ քանի որ սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ մեծ է տրոմբոզի առաջացման հավանականությունը, հետևաբար, ամառային շոգ օրերն առավել անբարենպաստ են հենց նրանց համար: Ջրի կորստի հետ միասին, օրագնիզմից դուրս են գալիս սրտի համար անհրաժեշտ այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են կալիումը, մագնիումը, որոնք ապահովում են սրտի կծկողականությունը: Այդ էլեմենտների սակավության պայմաններում կարող են տեղի ունենալ սրտի աշխատանքի այնպիսի խանգարումներ, որոնք սպառնում են կյանքին»,- նշեց Համլետ Հայրապետյանը:
Համլետ Հայրապետյանն ընգծեց, որ շոգ օրերին սրտանոթային հիվանդություններով տառապողները պետք է խիստ հսկողության տակ գտնվեն և ավելի հաճախ այցելեն բժշկի, քան տարվա մնացած եղանակներին: ՀՀ գլխավոր սրտաբանը նաև նշեց, որ ամառային շոգ օրերին ավելանում են իշեմիկ և հիպերտոնիիկ հիվանդների հոսպիտալացման դեպքերը: