Գեղարքունիքի մարզում նման բարձր ջերմաստիճան ու տեւական չոր եղանակ չեն հիշում
SocietyԳեղարքունիքի մարզում այս ամռան ընթացքում գրանցված բարձր ջերմաստիճանը եւ տեւական չոր եղանակը բացառիկ են համարում ինչպես տարեց բնակիչները, այնպես էլ` տեղի օդերեւութաբանները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրո մետ» ծառայության Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը, Գավառում գրանցված 32 աստիճան տաքությունը անսովոր երեւույթ է տարածքի համար` գումարած մոտ ութսուն օր տեւած չորությունը:
«Մեր կլիմային բնորոշ առավելագույն ջերմաստիճանը եղել է մոտ քսանութ աստիճանի: Վերջին հիսուն-վաթսուն տարիների ընթացքում Գավառում օդերեւութաբանական սարքերը մեկ անգամ գրանցել են պլյուս երեսուն աստիճան, իսկ ահա երեսուներկու աստիճանն արդեն անսովոր է: Մարզի մյուս տարածքներում գրանցվել է մինչեւ 35 աստիճան տաքություն: Առավել մտահոգող է տեւական չոր եղանակը, թեեւ հույս կա, որ վաղվանից տեղումներ պետք է գրանցվեն»,- նշեց Աշոտ Մակարյանը:
Մադինա գյուղի բնակիչ, կյանքի 85 տարին բոլորած Խորեն Կարապետյանը եւս հավաստեց, որ նման ջերմաստիճան ու տեւական շոգեր ինքը չի հիշում: «Գուցե թե գիտնականների կանխատեսած գլոբալ տաքացումը եւ անապատացումը թակում են մեր դռները: Չափազանց չորային, անբարենպաստ տարի էր, խոտհարքերն ու արոտները խանձվել են տաքությունից ու չորությունից: Մեզ այդ դեպքում մնում է ավելի շատ ծառ տնկել, գարնանային վարարումների հաշվին ջուր կուտակելու հնարավորություններ ստեղծել»,- նշեց Խորեն Կարապետյանը:
Խոսրով Խլղաթյան