Առաջին 6 ամիսներին Երեւանում բերման է ենթարկվել 2174 մարմնավաճառությամբ զբաղվող
SocietyԸնթացիկ տարվա առաջին 6 ամիսներին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերվել են 2174 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը՝ հակադարձելով «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Աթոյանի տեսակետին, թե «մարմնավաճառներին հովանավորում են իրավապահ մարմինները»:
Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Մարմնավաճառությունը գոյություն ունի ողջ աշխարհում: Եվ իրավապահները բոլոր երկրներում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, օպերատիվ, կանխարգելիչ ու քարոզչական միջոցառումներ են ձեռնարկում այդ սոցիալական երեւույթի դեմ:
Խնդրով մտահոգ լինելու դեպքում իրավապաշտպանը կարող էր հետեւել լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար լուսաբանում են մեր իրավապահ մարմինների այդ միջոցառումները: Սակայն զլացել է ուսումնասիրել հարցը: Եվ խնդրին բացարձակապես չտիրապետելու պատճառով հայտնվել է, մեղմ ասած, զավեշտալի վիճակում՝ պետությունից պահանջելով «վերահսկել իրավիճակը» եւ «պարբերաբար ստուգել մարմնավաճառներին»:
Փորձենք լրացնել չիմացության բացը. 2015թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերվել են 2174 մարմնավաճառությամբ զբաղվողներ, իսկ վերջին մեկ ամսում՝ 460 մարմնավաճառությամբ զբաղվողներ, որոնց մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ մի մասը ներկայացվել է ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման»:
Ոստիկանությունը պատրաստ է հիմնախնդրով իսկապես մտահոգ մասնագետներին ու կազմակերպություններին հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ ըստ հանրապետության մարզերի եւ մայրաքաղաքի վարչական տարածքների: