ՏՏ ոլորտը որպես մասնագիտություն ընտրած աշակերտները դպրոցին զուգահեռ աշխատում ու փորձ են կուտակում
SocietyՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը որպես հետագա մասնագիտական ուղղություն ընտրած 16-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը և Հայկ Բեգլարյանը դպրոցին զուգահեռ նաև աշխատում են և փորձ ձեռք բերում ապագա մասնագիտության բնագավառում: Տղաները հաճախել են «Նաիրի» համընկերության կողմից անցկացվող դասընթացներին և հետագայում էլ աշխատանքի հրավեր ստացել: Նրանց աշխատանքը կայանում է նրանում, որ կատարում են «Set top box» սարքի թեստավոր ումը:
Սերգեյ Հովհաննիսյանը դասընթացների մասին իմացել է ընկերներից, ովքեր նրան առաջարկել են միանալ իրենց: «Մի օր որոշեցի իրենց հետ գալ, այստեղ գրանցվեցի ու շաբաթը մեկ անգամ սկսեցի հաճախել դասընթացների: Քանի որ «Աղվես լեզվին» տիրապետում էի, միանգամից անցա երկորրդ փուլին, սկսեցի աշխատել «Կրիայով», հետո դասերի պատճառով որոշ ժամանաակ չէինք հաճախում դասընթացներին: Բայց հետո կրկին հաճախեցի ու, երբ մեր առաջին սարքը ստեղծեցինք, աշխատանքի առաջարկ եղավ»,-ասաց Սերգեյ Հովհաննիսյանը` մանրամասնելով իրենց կատարած աշխատանքի բնույթը: Մենք ինժեներ թեստավորողներ ենք, տարբեր սարքերի համար գրված ծրագիրը ստուգում ենք, տեսնում ենք ինչ խնդիրներ ունի, ինչպես կարող ենք բարելավել այդ ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ավելացրեց նա:
Ազատ ժամանակ երաժշտությամբ, սպորտով և գիտությամբ հետաքրքրվող Սերգեյ Հովհաննիսյանը սովորում է Ֆիզմաթ ( Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց), դպրոցում և սերը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ դեռ վաղ դասարաններից է իր մոտ առաջացել: «Մեր դպրոցում ռոբոտաշինության և ռոբոտիքս դասընթաց ունենք, երկու շաբաթը մեկ անգամ ինֆորմատիկայի մասնագիտացված դասեր ունենք. մեկ շաբաթ վեբ-դիզայն` HTML լեզուն ենք սովորում, մյուս շաբաթն էլ ռոբոտաշինություն, որի ժամանակ սովորում էինք պլատաների մասին, թե ինչից է կազմված ու ինչի համար է»,-նշեց Սերգեյը` հավելելով, որ կցանկանար ավելի խորությամբ ուսումնասիրել ծրագրավորումը: «Մենք կառուցվածքը անցանք, բայց ծրագրավորման մասը չանցանք, բայց կուզեի, որ դպրոցներում էլ երեխաներին գոնե տարրական գիտելիքներ տան ծրագրավորման մասին, քանի որ այս դարը համակարգչային դար է»,-ասաց նա:
Սերգեյ Հովհաննիսյանը հույս ունի, որ եթե անգամ թեստավորող էլ չդառնա, թեստավորողի փորձն իրեն կօգնի լավ ծրագրավորող դառնալ:
Սերգեյի ընկեր և ներկայում նաև գործընկեր Հայկ Բեգլարյանի խոսքով` տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրության պատճառն այն ժամանակաշրջանն է, որում ապրում ենք: «Դարն այնպիսին է, որ ամենամեծ աճն այս ոլորտն է գրանցում ու ամենալավ ապագան կարող ես ունենալ այս ոլորտում: Այդ ամենից ոգևորված` մտածեցի ընտրել այս ուղղությունը, շարունակել իմ ուսումը: Զգացի, որ այս ամենն ինձ հետաքրքրում է»,-ասաց Հայկը` հավելելով, որ ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ` ինժեներական լաբորատորիայից, որտեղ էլ արդեն աշխատանքի է ընդունվել:
Հայկ Բեգլարյանը ևս հաճախում է Ֆիզմաթ դպրոց և ազատ ժամանակ ուսումնասիրում է տիեզերքի, ֆիզիկայի մասին գրականություն: «Ֆիզմաթ դպրոցի աշակերտին հատուկ հետաքրքրություններ են»,-ժպիտով ավելացրեց Հայկը:
Լուսանկարում ձախից աջ` Սերգեյ Հովհաննիսյան և Հայկ Բեգլարյան