Երևանի մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը կավելանա 12-ով
SocietyԵրևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նկատի ունենալով բակային ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը և նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով որոշվել էր յուրաքանչյուր վարչական շրջանում մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը ավելացնել մեկականով: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:
Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: