Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով հետաքրքրված են մեկ տասնյակից ավելի ընկերություններ
Society«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցերը մանրամասնելու և պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել հարց ու պատասխան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, ՊՈԱԿ-ի իրավաբանական, ֆինանսա կան և ինժեներական կազմի պատասխանատուներ, մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին` Արթուր Առաքելյանը նշել է, որ նախարարության աշխատակիցները պատրաստ են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ տալ: Քննարկման ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր. մասնավորապես, մրցույթի հայտը կազմելուն, ընթացակարգերին, տեխնիկական մասնագրերին, ճանապարհահատվածի շինաշխատանքներն իրականացնելու պայմաններին վերաբերող:
Մրցույթով հետաքրքրված շինարարական կազմակերպությունների մասնագետները հաջորդ օրն այցելել են նաև շինհրապարակ, որտեղ ծանոթացել են աշխատանքների ծավալին և ճանապարհի առկա վիճակին:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով, նման այցերը շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու շինհրապարակը, հասկանալու իրավիճակը, որից հետո ընկերությունների մասնագետներն ավելի հեշտ կարող են կազմել մրցութային հայտը. ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Թալինից Գյումրի ընկած ճանապարհի Լանջիկ-Գյումրի շուրջ 27 կմ երկարությամբ հատվածը կառուցվելու է Եվրոպական ներդրումայ ին բանկի ֆինանսավորմամբ։ Բոլոր հետաքրքրված կազմակերպությունները, որոնք 13-ն են, հրավիրվել են շինհրապարակ` տեղում ուսումնասիրելու ճանապարհը։ Ուզում եմ արձանագրել, որ սա արդեն կարևոր և գործնական սկիզբն է ծրագրի շարունակության»,- ասել է Արթուր Սարգսյանը:
Շինհրապարակ են այցելել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ»-ը շատ կարևոր ծրագիր է. «Այս ծրագիրը ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Շատ ուրախ ենք, որ 13-ից ավելի կազմակերպություններ հետաքրքրված են ծրագրով, դա մեծ ցուցանիշ է: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարության հետ մենք ունենք երկխոսության ծրագրեր, ինչի արդյունքում կառավարությունը մատնաշում է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք անհրաժեշտ ներդրում և օժանդակություն ցուցաբերել: Հատկապես ճանապարհաշինության ոլորտում մենք պատրաստ ենք համագործակցել Տրանսպորտի և կապի նախարարության հետ, որովհետև գտնում ենք, որ նախարարությունը շատ ճիշտ և կազմակերպված է աշխատում: Մենք կարող ենք էլ ավելի բարելավել մեր գործընկերային հարաբերությունները»:
Մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը, որն էլ կիրականացնի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: