«Մենք չենք կարող համեմատվել արտասահմանյան աստղերի հետ». Սոնա Ռուբենյան
LifestyleNews.am-ը գրում է.
Սոնա Ռուբենյանը դեռ չի հասցրել վայելել ամառային հանգիստը, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի. այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
Սոնան նշեց, որ այս պահին պասիվ շրջան է նաեւ իր ստեղծագործական կյանքում: «Նոր նախագծեր, հյուրախաղեր կան, սակայն դրանք լինելու են սեպտեմբերից»,-նշեց նա:
Անդրադառնալով անձնական կյանքին եւ իր սիրելիի հետ հրապարակած լուսանկարներին, Սոնա Ռուբենյանն ասաց, որ չի սիրում խոսել անձնականի մասին եւ, ինչպես սոցցանցի յուրաքանչյուր օգտատեր, ինքն էլ է սիրում իր կյանքից լուսանկարներ հրապարակել.

«Ես կարծում եմ, որ դա ոչ ոքի չպետք է հետաքրքրի, ինչպես որ ինձ չի հետաքրքրում ուրիշի նեղ անձնական կյանքը»,-հավելեց Սոնան:
Մեր դիտարկմանը, թե հայտնի մարդկանց դեպքում բնական է, որ հետաքրքրվում են նաեւ անձնական կյանքով, երգչուհին պատասխանեց.
«Ես ինձ չեմ դասում հայտնի աստղերի շարքին: Մենք չենք կարող համեմատվել արտասահմանյան աստղերի հետ: Նրանց կյանքն ուրիշ է: Նրանց միլիոնավոր մարդիկ են հետեւում, իրենք անընդհատ համերգներ են տալիս, ամիսը մեկ տեսահոլովակ են նկարահանում, իսկ ես չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ համերգի ժամանակ ելույթ ունեցել: Հայաստանի պես փոքր երկրում աստղ կոչվածը իրական չէ: Այստեղ համերգներ չեն լինում, քանի որ մարդիկ պարզապես չեն գնում համերգների:
Ես երգում եմ, քանի որ սիրում եմ երգել` առանց եկամտի ակնկալիքի: Իմ օրգանիզիմ պահանջն է դա: Ես հասարակ մարդ եմ` բոլորի նման, ով սիրում է երգել»,-եզրափակեց նա:
Զրուցեց` Շ. Շուշա