Տնտեսագետը գրենական պիտույքների թանկացումը պայմանավորում է արտարժույթի փոխարժեքի տատանումներով
EconomicsՆախորդ տարվա համեմատ գրենական պիտույքների թանկացումը ուսումնական տարվա սկզբին ընդառաջ առաջին հերթին պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տատանումներով:
Նման տեսակետ օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, անխոս, տեղի է ունենոււմ գրենական պիտույքների գնի աճ: Սակայն մեծածախ շուկայում թանկացման գործոնը գրեթե բացակայում է, քանի որ քիչ են մրցակիցները և վաճառողները աշխատում են ստանդարտ համակարգով: Իսկ մանրածախում գների տատանումը այս պահին 30-100%-ի միջակայքում է»,- նշեց Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով` շուկայում թանկացման գործոնը ձևավորվում է նաև Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հետ կապված:
«Մինչև հունիս ունեինք 105,1% սպառողական գների ինդեքս, իսկ հետագայում նկատվեց 104,3%, որը թույլ տվեց Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սակայն, գնանկումը կապված է գյուղատնտեսական ապրանքների գների նվազման հետ»,- նկատեց Վիլեն Խաչատրյանը: Նա նաև ուշադրություն հրավիրեց համաշխարհային արժույթներիի և հատկապես ռուսական արժույթի արժեզրկմանը, ինչը կառաջացնի ներմուծվող ապրանքների գների թանկացում:
«Քանի որ կան սպասումներ, որ դրամը կրկին կարժեզրկվի, մարդիկ փորձում են արագ ձեռք բերել դոլար, ինչը կարող է բերել Ղազախստանում տեղի ունեցածի կրկնությանը: Նման տարբերակներից խուսափելու համար բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը մշակում են համապատասխան քաղաքականություն և գուցե ներքին կարգով պայմանավորվածություն կա, որպեսզի որոշակի գումարից ավելի արտարժույթ չվաճառվի՝ սպեկուլյատիվ խաղից խուսափելու համար»,- ասաց տնտեսագետը:
Նրա տվյալներով` Կենտրոնական բանկն այս պահին ունի 1 միլիարդ 702 միլիոն դոլարի պահուստներ, որը բավական աճել է տարեսկզբի համեմատ, ինչը հնարավորություն է տալիս Կենտրոնական բանկին կարգավորել իրավիճակը: