ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը հաջողություններ է գրանցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթին
SocietyՂազախստանի Հանրապետությունում անցկացվող «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթին ՀՀ ԶՈւ հավաքական թիմն աչքի է ընկնել բարձր կատարողական վարպետությամբ և նվաճել մրցանակային տեղեր:
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հ ետ կապերի վարչությունից, օգոստոսի 16-21-ը Ժամբիլյան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնվող զինավանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի զինծառայողների ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:
Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բամիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» և «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀՀ ԶՈւ հավաքական թիմը մասնակցել է բոլոր անվանակարգերում անցկացված մրցումներին: Արձանագրված բարձր արդյունքները ևս մեկ անգամ հավաստում են հայ զինվորականի գիտելիքների, հմտությունների և ունակություների բարձր մակարդակը, ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածությունը:
Մրցույթի մասնակից զինծառայողներին ընդունել և արձանագրած բարձր ցուցանիշների կապակցությամբ շնորհավորել է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: