ՔԿՀ-ներում իրականացվում են դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, այս միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները:
Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրել են մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների և բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ: Դեզինսեկցիոն՝ մակաբույծների ոչնչացմանն ուղղված միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ:
Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: