Քրիստոֆը չէ, որ պետք է խոսի մեր ավանդույթների կամ մեր երկրի տարբեր կարեւորագույն եւ ազգային հարցերի մասին. Վահան Բաբայան
InterviewԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա գտնվողներն իրենց մտահոգություններն են հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ կապված Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկների հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ թեպետ խոսեց տեղի ունեցած հանդիպման մասին, սակայն չցանկացավ դրան ընդհանուր գնահատական տալ. «Ընդհանւոր գնահատական ես այս պահին չեմ ուզում տալ, հանդիպումը եղավ այնպիսին, ինչպիսին այն եղավ, որի ընթացքում էլ տարբեր մտահոգություններ հնչեցվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Քննարկումները շարունակվում են, եւ կարելի է ասել` այն խնդիրների վերաբերյալ, որոնց շուրջ «Բարգավաճ Հայաստանը» մտահոգություն ուներ, մենք բարձրաձայնեցինք»,- ասաց Բաբայանը՝ մանրամասնելով. «Խոսքը վերաբերում է ընտրիչների համակարգին, ընտրությունների երկրորդ փուլին եւ մի շարք այլ հարցերի»:
Իսկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերի կողմից արված այն հայտարարությանը, թե ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, քանի որ դա է այժմ եվրոպական ստանդարտը, պատգամավորը արձագանքեց հետեւյալ կերպ.
«Քրիստոֆը չէ, որ պետք է խոսի մեր ավանդույթների կամ մեր երկրի տարբեր կարեւորագույն եւ ազգային հարցերի մասին: Ես ընդհանրապես չեմ ցանկանա անդրադառնալ իրենց կողմից արված հայտարարություններին, որովհետեւ մեզ համար Սահմանադրության առաջին շահառուն մեր հասարակությունն է եւ մեր ժողովուրդը:
Վենետիկի հանձնաժողովի հետ կապված մենք որեւէ քննարկում չունենք: Նրենք իրենց գործն արել են, և, իհարկե, կարող են կարծիքներ հայտնել. դա նրանց խնդիրն է: Այսօրվա դրությամբ մենք խոսում ենք՝ ելնելով մեր երկրի ու հասարակության շահերից»:
Սոսե Չանդոյան