Շիրակի մարզի բազմազավակ 8 ընտանիքի հանձնվեց բնակարանի գնման վկայագիր
SocietyՀՀ կառավարության որոշմամբ, Շիրակի մարզի բազմազավակ 8 ընտանիքների հանձնվեց բնակարանի գնման վկայագիր: Վկայագրերը ընտանիքներին օգոստոսի 25-ին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այս ընտանիքներն անապահովության գնահատման համակարգում հաշվառված, բազմազավակ՝ 9 և ավել երեխաներ ունեցող ընտանիքներն են: Նրանցից 2-ը մարզի Սարակապ և Լուսաղբ յուր համայնքների, իսկ մյուսները Գյումրիի բնակիչներ են:
Ի դեպ, նրանցից ոչ մեկն անօթևանի կարգավիճակ չունի, բայց ունեն բնակարանային պայմանների բարելավման խնդիր: Վկայագրերի արժեքները տարբեր են, եթե գյուղական համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է 5 մլն 852 հազար դրամ գումար, ապա Գյումրիում՝ 8 մլն 190 հազար դրամ: Ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, և ինչպես նշեց Շիրակի մարզպետը, ընտանիքների ընտրությունն իրականացվել է սոցիալական ծառայությունների տրամադրած ցուցակներով: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է վկայագիր՝ 4 սեն յակ ձեռք բերելու համար, սակայն, ըստ օրենքի, ընտանիքները կարող են վկայագրի շրջանակներում ձեռք բերել 3 սենյակ՝ բնակելի շենքում և 2 կամ նույնիսկ 1 սենյակ՝ սեփական տան դեպքում, եթե կա հետագայում այդ տունը մեծացնելու հնարավորություն, սակայն, որպես պայման, դրանք պետք է բնակության համար պահանջվող նորմերին համապատասխան լինեն:
Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով ընտանիքներին հույս հայտնեց, որ ընտանիքները կկարողանան համապատասխան ժամանակահատվածում ձեռք բերել բնակարան՝ վերջիններս բնակարան պետք է ձեռք բերեն մինչև դեկտեմբերի 21-ը, այլապես, չեն կարողանա այլևս օգտվել այս ծրագրից: Ի դեպ, գումարի 60 տոկոսը տրամադրվում է առք ու վաճառքի ժամանակ, դրանից հետո, եթե ունեն ժամանակավոր կացարան, այն քանդում են, տարածքն ազատում և ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ տնակի ապամոնտաժման մասին` նոր ստանում մնացած գումարը, իսկ եթե չունեն ժամանակավոր կացարան, ներկայացնում է տեղեկանք դրա մասին:
Ընտանիքներից շատերի համար, սա իրենց բնակարանային պայմանների բարելավման լավագույն տարբերակն է, թեև բոլորը փաստում են, որ այս գումարի վրա պետք է լրացուցիչ գումար ավելացնեն՝ բնակարան ձեռք բերելու համար: «Գումարի սահմանում տեսենք ինչ կարող ենք գտնել: Բնակվում ենք 4 սենյականոց սեփական տանը, բայց 15 հոգով նույնիսկ 4 սենյականոց տանը բնակվելը հեշտ չէ: Կաշխատենք ինչ-որ բան գտնել, այս ծրագիրը բավական կթեթևացնի մեր հոգսերը: Եթե 3 սենյակոց բնակարան էլ կարողանանք վկայագրի գումարով գնել, շատ լավ կլինի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հովհաննես Դիլանյանը՝ կարևորելով ծրագրի անհրաժեշտությունը:
Ծրագիրը կարևոր և անչափ անհրաժեշտ են համարում նաև մյուս շահառուներն այդ թվում՝ ընտանիքի 16 անդամով 3 սենյականոց տնակում բնակվող Լիլիթ Մելքոնյանը, ով փաստեց, որ այս օրվան շատ է սպասել, մնում է միայն գտնել հարմար բնակարան՝ հատկացված գումարով:
Արմենուհի Մխոյան