Հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով Շիրակում կիրականացնեն 17 նախագիծ
SocietyՀանրապետության մարզերն իրենց հոգսերն այս տարի էլ կթեթևացնեն մարզերի հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով: Թեև մի փոքր ուշացած, սակայն, այս տարի ևս ինչպես հանրապետության մյուս մարզերն, այնպես էլ Շիրակի մարզը, մի շարք ծրագրեր կիրականացնի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Ինչպես
«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանին այս տարի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի իրականացման համար հատկացվել է 530 մլն դրամ գումար: «Մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրները բավական շատ են՝ գրեթե բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց մենք ընտրել ենք ամենահրատապ խնդիրները: Ճիշտ է, գումարը ուշ հատկացվեց, բայց ծրագրերն իրենց բնույթով ու ծավալով այնպիսին են, որ մենք կհասցնենք բոլոր ծրագրերն ավարտել մինչև հոկտեմբերի վերջ: Ոչ մի ծրագիր թերի կամ կիսատ չի մնա»,- նշեց Ալբերտ Մարգարյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակներում, համայնքներին նաև գումար է հատկացվել որպես աջակցություն, որպեսզի իրենք կարողանան համաֆինասավորմամբ իրականացնել և լուծել համայնքում առկա խնդիրները:
Դրանք կարող են լինել գազաֆիկացման, ջրամատակարաման համակարգերի, տանիքների նորոգման և այլ աշխատանքներ: Այս գումարից ըստ անհրաժեշտության միջոցներ կհատկացվեն նաև մոտ 10 մանկապարտեզի՝ սանիտարական վիճակի բարելավման համար:Այժմ ընթացքում են ծրագրերի նախագծման աշխատանքները, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն և կհայտարարվի շինարարական կազմակերպության մրցույթ, կընտրվի շինարարը և աշխատանքները կմեկնարկեն: Ընդհանուր առմամբ, գումարի շրջանակներում մարզում իրականացվելու է շինարարական բնույթի 17 ծրագիր, որոնցից 10-ը ճանապարհաշինության ոլորտում է, 2-ն ուղղված են դպրոցների ջեռուցման և վերանորոգման խնդիրներին: Դրացներից մեկը Գյումրիի թիվ 7 դպրոցի ջեռուցման համակարգի և պատուհանների փոփոխման ծրագիրն է: Նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Մայիսյան գյուղում:
Ծրագիր ընդգրկվել են նաև Արևշատի մշակույթի տան նորոգման, Աշոցքի և Ամասիայի համայնքային կենտրոնների տանիքների, Ջաջուռի բժշկական ամբուլատորիայի վերանորոգման, ինչպես նաև Ջրաձոր համայնքում ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները: Ի դեպ, ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերի մեջ միայն 3 փողոց կնորոգվի Գյումրիում, ճանապարհներ են ընդգրկվել նաև Արթիկում, Մարալիկում, Ամասիայում, կնորոգվեն նաև Նոր Ախուրյան և Նահապետավան տանող ճանապարհները: Ինչպես միշտ, այս անգամ ևս Շիրակի մարզպետարանը, նախապես ՀՀ կառավարության հաստատմանն էր ներկայացրել 1 մլդ 320 մլն դրամի ծրագրեր, սակայն, ինչպես նշեց պատասխանատուն, կառավարության որոշմամբ, գումարների սղության պատճառով, հատկացվեց ավելի քիչ գումար:
Արմենուհի Մխոյան