Բանգլադեշում 15-ամյա աղջիկը պատրաստվում է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ ամուսնության (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Դա պետք է լիներ նրա կյանքի ամենաերջանիկ օրը, սակայն 15-ամյա Նասոին Ախտերն ավելի թշվառ տեսք չէր կարող ունենալ, գրում է The Daily Mail-ը։ Դեռահաս աղջիկը չի պատրաստվում ծննդյան տոնակատարության կամ մեկ այլ խնջույքի, նրան ստիպում են ամուսնանալ 32 տարեկան տղամարդու հետ։
Ինչպես երևում է լուսանկարներում՝ Բանգլադեշում ապրող այս աշակերտուհին դժբախտ և անգամ վախեցած տեսք ունի մայրաքաղաք Դաքքայի մոտ գտնվող Մանիկգանջում կայանալիք հարսանեկան արարողությանը պատրաստվելիս։
Դժբախտաբար, Նասոինը միակ աղջիկը չէ այդ երկրում, որ նման ճակատագրի է արժանանում: Երկիրն ունի աշխարհում մանկահասակ ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
Այս տարի ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ այս երկրում աղջիկների 29 տոկոսն ամուսնանում է մինչև 15 տարեկանը և 65 տոկոսը՝ մինչև 18 տարեկանը։
Աղջկա համար վաղ ամուսնության հետևանքները կարող են չափազանց վտանգավոր լինել։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդ հարսնացուների մեծ մասը դուրս են մնում դպրոցից, իսկ 15-ից մինչև 20 տարեկան հղի աղջիկների շրջանում ծննդաբերության ընթացքում մահացությունը երկու անգամ ավելի հավանական է, քան 20 տարեկանից բարձր աղջիկների շրջանում: 15 տարեկանից ցածր աղջիկների մոտ վտանգը հինգ անգամ ավելի մեծ է: Բացի այդ, տարիքային տարբերությունը բռնության և սեռական ոտնձգության ռիսկային գործոն է։












