ԱՀԿ-ն նախազգուշացրել է Էբոլա վիրուսի համաճարակի նոր ալիքի մասին
International newsԼիբերիայում Էբոլա տենդի տարածումն առաջիկա շաբաթներին կհանգեցնի այդ հիվանդությամբ վարակման բազմաթիվ նոր դեպքերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին:
«Մենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Լիբերիայում սպասում ենք վիրուսով հիվանդանալու մի քանի հազար նոր դեպքերի»,- նշվում է փաստաթղթում:
Ներկայում Էբոլա տենդից մահվան դեպքերի շուրջ կեսը բաժին է հասնում Լիբերիային: Այդ երկրի հիվանդանոցներում տեղերը չեն բավականացնում այն մարդկանց համար, որոնք բուժվելու կարիք ունեն: Եվս մեկ խնդիր է բուժանձնակազմի պակասը:
Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսից արդեն ավելի քան երկու հազար մարդ է մահացել: Ընթացիկ տարվա փետրվարից Արեւմտյան Աֆրիկայի երկրներում վարակվածների թիվը հասել է գրեթե չորս հազարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: