Երևանի քաղաքապետարանը հետևում է մանկապարտեզներում սննդի որակին
SocietyԵրևանում վերանորոգվում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 23 մանկապարտեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 26-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Մանկապարտեզներում իրականացվում են տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Նախորդ տարի 8 մանկապարտեզներում սկսված վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս ուսումնական տարում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով, մանկապարտեզներն ապահովվում են խոհանոցային գույքով, քաղաքապետի նախաձեռնությամբ տրամադրվել են հատուկ խմորի մշակման և հացի պատրաստման սեղաններ: «Բոլոր մանկապարտեզներին տրամադրել ենք նաև հատուկ պահարաններ, որտեղ պահվում է չոր մթերքը: Սա շատ կարևոր է սննդի ավտանգությունը պահպանելու համար: Շատ մանկապարտեզներ օդորակիչներով են ապահովված: Մայրաքաղաքի 159 մանկապարտեզներ էլ ապահովված են սառնարաններով»,-նշեց նա:
Անդրադառնալով մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերին, Գայանե Սողոմոնյանը նշեց, որ Երևանի որևէ մանկապարտեզում թունավորման դեպք չի գրանցվել: «Անակնկալ բազում այցեր են կազմակերպվում: Սննդի նկատմամբ շատ խիստ ենք: Սննդի անվտանգության համար մենք պատասխանատու ենք, թունավորում չի էլ լինելու, շատ ուշադիր ենք այս հարցում»,-հավելեց նա: