Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյաները կարևորել են գերիների, անհայտ կորածների ուղղությամբ համագործակցությունը
SocietyՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Կարոլին Դուեզին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել արգասաբեր աշխատանք առաքելության ընթացքում:
Կարոլին Դուեզը, բարձր գնահատելով ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության միջև համագորակցությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկկողմ կրթական ծրագրերը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրական և ներքին նորմատիվային, ներառյալ` մարտական փաստաթղթերում լիարժեքորեն ինտեգրման, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների ուղղությամբ համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը: