Գեղարքունիքի մարզում այս տարի դպրոց կհաճախի շուրջ 30 հազար աշակերտ
SocietyԳեղարքունիքի մարզում նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներ կհաճախի 29148 աշակերտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, 2014-2015 ուսումնական տարում մարզում գործել են մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոցներ, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոցներ եւ 1 բաց դպրոց-հիմնադրամ:
Մարզային ենթակայության դպրոցներում, նախնական տվյալներով, փաստացի ձևավորվել է 1457 դասարան՝ 26796 աշակերտով, Գավառի N 1 հատուկ դպրոցում՝ 8 դասարան՝ 58 աշակերտով, Սեւանի N3 հիմնական դպրոցում՝ ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 33 աշակերտով, ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցներում եւ Ծաղկունքի բաց դպրոցում 121 դասարան՝ 2352 աշակերտով:
Նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներ կհաճախի 3149 առաջին դասարանցի կամ 149-ով ավելի նախորդ տարվա թվաքանակից:
Խոսրով Խլղաթյան