Լյուբով Կազարնովսկայայի և Գեղամ Գրիգորյանի համերգի հասույթը կտրամադրվի Օպերային արվեստի միջազգային ակադեմիային
CultureԱնվանի օպերային երգչուհի, մանկավարժ, պրոֆեսոր Լյուբով Կազարնովսկայան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը Հայաստանում բարեգործական համերգ կկազմակերպեն: Այս մասին երգչուհին նշեց լրագրողների հետ զրույցում` տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին կայանալիք համերգի հասույթը կտրամադրվի Հայաստանում ստեղծվելիք Օպերային արվեստի միջազգային ակադեմիայինÖ ‰
«Մենք որոշել ենք օպերային թատրոնում նախագիծ անել, որը կնպաստի երաժշտական մշակույթի վերածննդին: Հայ և արտասահմանցի երիտասարդ կատարողների համար նախաձեռնություն է` օպերայի լավագույն ավանդույթներին համահունչ: Այս բարեգործական համերգն այդ նախագծի համար աջակցության է հավաքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լյուբով Կազարնովսկայան:
Կազարնովսկայան հավելեց, որ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվող ակադեմիայում ինքն էլ վարպետության դասեր կանցկացնի: «Ես երջանիկ կլինեմ օգնել, այստեղ բերել կատարողների, դիրիժորների, ռեժիսորների»,-նշեց ճանաչված երգչուհին:
Գեղամ Գրիգորյանն էլ նշեց, որ նման ակադեմիան շատ կարևոր է Հայաստանի ու երիտասարդ կադրերի համար, որոնք նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կկատարելագործվեն: «Կունենանք ակադեմիա, որը կբարձրացնի Հայաստանի անունը: Ես մեծ հույսեր ունեմ»,-նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Բարեգործական համերգին կմասնակցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Համերգի հյուրերն են Վիշնիա Ռադոսավը (Սերբիա), Մարինա Պոլուխինան (Ռուսաստան),Ալեքսանդր Չերնովը (Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (Իտալիա), Սոֆյա Թումանյանը (Հայաստան), Գոշ Սարգսյանը(Հայաստան):