Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը
CultureՀՀ մշակույթի նախարարությունը մինչև տարեվերջ կաշխատի լուծել Հովհաննես Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մասնաճյուղ Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծային նախագծման խնդիրը՝ այն վերանորոգելու նպատակով:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին այս մասին հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Մտահոգիչ էր Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մասնաճյուղի վիճակը, որտեղ անհրաժեշտ է շենքի ընդհանուր վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին, պետք է կազմել թանգարանի նախագիծը, առանց որի որևէ ներդրումային ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Ինչպես նաև պետք է հստակեցնել թանգարանի հայեցակարգը: Այս քաղաքը կարող է առաջատար դեր ունենալ կիրառական արվեստի ձևերում»,- նշեց նախարարը:
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանն ստեղծվել է 1979թ. բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։
Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից է` կառուցված 18-րդ դարավերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին և ծառայել որպես ամառանոց: Թումանյանն Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրն է: Նա 1890-ական թթ. համիդյան կոտորածներից փրկված գաղթականների համար Դիլիջանում սեփական միջոցներով գորգագործական ֆաբրիկա է բացել, 1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ: Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրել են պետությանը:
Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի գեղանկարիչներ, երաժիշտներ:
Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, որն էլ շենքը վերածել է ժողովրդական արվեստի թանգարանի: