Շիրակի մարզում 2016թ. կնորոգեն 9-10 դպրոց
SocietyՀՀ կառավարության մարզերին հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում, այս տարի Շիրակի մարզում կնորոգվի 2 դպրոց: Դրանք հիմնականում ջեռուցման համակարգի և պատուհանների փոփոխման աշխատանքներ են նախատեսում: Դպրոցներից մեկը Գյումրիի թիվ 7, մյուսը՝ Մայիսյան գյուղի դպրոցն է: Նմատիպ աշխատանքներ նախատեսվում են հաջորդ տարի նույնպես:
Օգոստոսի 27-ին Գյումրիո ւմ կայացած դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հավաստեց, որ 9-10 դպրոց կնորոգվի հաջորդ տարի:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հիմնանորոգման, վերանորոգման, մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցման, վերականգնման և նորոգման աշխատանքները շարունակական են և իրականացվում են ըստ առաջնահերթության: 2015 թվականին հիմնանորոգվել է Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի շենքը:
Թեև մարզում շատ են նորակառույց դպրոցները, հիմնականում` Գյումրիում, սակայն կան հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցմներ: Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն մարզի Հովունիի, Կապսի, Հովտաշենի, Լուսակերտի, Ձորաշենի, Քարաբերդի, Գեղանիստի, Տուֆաշենի, Ծաղկուտի դպրոցների շենքերը, մի շարք դպրոցների մարզադահլիճները և մարզահրապարակները: Մարզում 59 դպրոցներ, որից 8-ը Գյումրիում, չունեն մարզադահլիճներ: Այսինքն՝ ոչ բոլոր դպրոցներում են իրականացվում ուսումնական ծրագրի թե՛ բազային, և թե՛ ընտրովի մարզաձևերի չափորոշիչային պահանջները:
Վերջին տարիներին էապես բարելավվել է նաև դպրոցական շենքերի ջերմամատակարարումը: Գնալով նվազում է հեղուկ վառելանյութի վառարաններ օգտագործող դպրոցների թիվը« ավելանում են ջերմամատակարարման համակարգով ջեռուցվող շենքերը: Մարզի 91 հանրակրթական դպրոցական շենքեր ջեռուցվում են լոկալ համակարգով՝ գազով, դիզելային վառելիքով: Էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը մարզում 38 է: Սակայն դեռևս 21 դպրոցներում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելանյութի վառարաններով ինչն իր արդյունավետությամբ, շահագործման հարմարավետությամբ և անվտանգության առումով զգալիորեն զիջում է ջեռուցման մյուս ձևերին:
«Դպրոցական շենքերի ջեռուցման պատկերը ներկայացնելիս« ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա. մարզում դեռևս կան 22 դպրոցական շենքեր, որոնք ջեռուցվում են հեղուկ վառելանյութի վառարաններով: Կարծում եմ` ավելորդ է ներկայացնել ջեռուցման այս եղանակի անհարմարությունները` վառելանյութի ձեռքբերում, վառարանների անվտանգության ապահովում սանիտարահիգիենիկ պայմաններ և այլն:
Մինչև այժմ արվել է հնարավորինս ամեն ինչ, տնօրեններին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն վերոնշյալ պայմանների ապահովման համար, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել այս եղանակով ջեռուցումը էլեկտրական կամ ջեռուցման այլ եղանակներով փոխարինելու ծրագրեր: Մարզում կան գյուղական համայնքներ, որոնք գազաֆիկացված են սակայն դպրոցական շենքերը հնարավոր չէ ջեռուցել գազով` կաթսայատան բացակայության կամ այլ պատճառներով: Դրանք բոլորը ուսումնասիրված են և աշխատանքներ են տարվում խնդիրը որևէ եղանակով լուծելու ուղղությամբ»,-նշեց Սահակ Մինասյանը:
Արմենուհի Մխոյան