«Հայերի գարունը». France 3-ը Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմ է պատրաստել
CultureՖրանսիական France 3 հեռուստաընկերությունը 55 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ է պատրաստել հայերի և հայոց պատմության մասին` այն վերնագրելով «Հայերի գարունը»:
Ինչպես փոխանցում է Nouvelles d'Armenie-ն, վավերագրական ֆիլմի մուտքի հատվածում նշվում է, որ մեկ միլիոնից ավելի հայերի կյանք խլած և հարյուր հազարներին բռնագաղթի ենթարկած Հայոց ցեղասպանությունից արդեն անցել է հարյուր տարի: «Տարիների ընթացքում իրենց հայրենիքից հայերին արմատախիլ անելը հանգեցրեց տարատեսակ հայկական «սփյուռքերի» ձևավորմանը: Թուրքիան պաշտոնապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը` այն աստիճան հասնելով, որ նույնիսկ փորձում է արհեստականորեն «մաքրել» հայերի ներկայության հետքերն այդ տարածաշրջանում»,- պատմվում է ֆիլմում:
Ֆիլմում այնուհետև ներկայացվում է ֆրանսահայ Վարուժան Արթին, ով ժամանակին երդվել էր երբեք Թուրքիա ոտք չդնել, սակայն հետագայում որոշեց իր համար բացահայտել իր նախնիների հողը: «Նրա համար ցնցող հայտնագործություն էին այն մեծաթիվ ծպտյալ հայերը, ովքեր կարողացել են վերապրել այս դարի առաջին մեծ ցեղասպանությունը և երբեք չեն լքել Թուրքիան»,- ասվում է ֆիլմում:
«Հայերի գարունը» ֆիլմը կհեռարձակվի օգոստոսի 31-ին Փարիզի ժամանակով 23:25-ին: