ՍՊԾ գործակալությունը ձեռք կբերի 6 նորագույն սեյսմիկ կայան
SocietyՀՀ ՏԿԱԻ նախարարությունում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել ամառային արձակուրդներից հետո առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանի հանձնարարականով համապատասխան աշխատանքներ են տարվում սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ, որին մասնակցելու են ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացվող վարժանքի մասին։ ՏԿԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմերը հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` արտաքին որակավորում անցնելու համար, ինչը թույլ կտա մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է նաև ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և սպասվող խոշոր ձեռքբերումների մասին: Գործակալությունն առաջիկայում ձեռք կբերի 6 նորագույն սեյսմիկ կայան:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձել օգոստոսին գրանցված ջերմաստիճանին: Ծառայության պետը հայտնել է մարզերում կազմակերված ագրոսպասարկման սեմինարների դրական արձագանքների մասին, որոնց մասնակցել են համայնքապետեր և ֆերմերներ: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է օգոստոսին հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշվա ծ ժամանակահատվածում հանրապետության տարածքում դիտվել են կարկտավտանգ ամպեր, գործել է 90 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 17.400 կրակոց:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ծառայության պետը փաստել է, որ պահպանվում է հայցերի դրական պատասխանների տոկոսային աճը:
ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնել է, որ ավարտվել են ազդարարման համակարգի պիլոտային ծրագրի աշխատանքները և ներկայացրել է ՀՀ ազդարարման համակարգի ներդրման ծրագիրը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է 2015-2016թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների անցկացման մասին: Այս տարի գրանցվել են ընդունելության բավական բարձր ցուցանիշներ:
ՃԿՊԱ պրոռեկտոր Կ. Ոսկանյանը զեկուցել է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքում ակադեմիայի ուսանողների մասնակցության և ձեռքբերումների մասին: Բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես ինտելեկտուալ և գեղարվեստական մրցույթներում: ՏԿԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցել է նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգստի կազմակերպման մասին: Այս ամռանը, ինչպես և նախորդ տարի, 132 երեխա ամառային հանգստից 10 օր անցկացրել է Լոռու «Գուգարք» ճամբարում: Լ. Մելիքյանի փոխանցմամբ՝ երեխաները հետաքրքիր և հագեցած օրեր են ունեցել: Ճամբարում կազմակերպվել են գեղարվեստական և սպորտային տարբեր միջոցառումներ, իսկ Լոռու մարզի փրկարար վարչության և «ՍՊԾ» գործակալության աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ու կազմակերպել ուսումնավարժանքներ: Երեխաների ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՏԿԱԻ նախարարությանն ու արհմիութենական կազմակերպությանը` իրենց զավակներին նման տոն պարգևելու համար:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին: