Կարկտահարությունը չի ազդի բանջարարեղենի գների վրա. փորձագետ
Society2014 թվականի հուլիս ամսի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածում Հայաստանում մոտավորապես 9%-ով բանջարեղենի մասով գնաճ է գրանցվել: Վերջին շրջանում տարբեր մարզերում տեղացած կարկուտն էլ բանջարեղենի գների վրա էական ազդեցություն չի կարող ունենալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյան: «Պատճառները տարբեր են. 2014 թ-ի վերջից սկսած, տարադրամի տատանումներից հետո սկսվեց որոշակի գնաճ, որը դեռ շարունակվում է: Հիմնական խնդիրն այն էր, որ շոգ ամռան պատաճառով բերքը չորացավ: Իսկ ինչ վերաբերում է մրգին, ապա այն այս տարի էժան է: Նախորդ տարի վատ տարի եղավ մրգի համար, պտղատու ծառերը ցրտահարվեցին և այդ պատճառով բավականին թանկ էր, իսկ այս տարի մոտավորապես 11%-ով գնանկում է գրանցվել»,- հավելեց նա:
Ըստ Չիլինգարյանի` վերջին ժամանակաշրջանում կարտոֆիլը ևս թանկացել է, և եթե հունիսին միջին որակի կարտոֆիլն արժեր մոտավորապես 150-170 դրամ, հուլիսին 200-220 դրամ, ապա օգոստոսին այն դարձավ 250-300 դրամ: «Երբ փորձեցի պարզել թե ինչու է կարտոֆիլի գինը բարձրացել , գյուղացիներն ասացին, որ սա ժամանակավոր երևույթ է: Արարատյան դաշտի կարտոֆիլը որոշ չափով հանել են և վաճառել, իսկ բարձրադիր գոտիների` Գեղարքունքի և Շիրակի մարզերի կարտոֆիլի բերքը, որը հիմանականն է Հայաստանի համար, դեռ ամբողջությամբ չեն հանել: Տեղացող անձրևներն էլ խանգարում են բերքի հավաքմանը&ra quo;,- նշեց ՀԿ նախագահը: Նա ասաց նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, թե’ բանջարեղենի, թե’ մրգի մասով: