ՊՆ-ում ամփոփել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները
SocietyՊՆ վարչական համալիրում oգոստոսի 28-ին ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքներ ը ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Նա փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքներ ու զորավարժություններ:
Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները:
Նշվել է նաև, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են ինժեներական լայնածավալ աշխատանքներ, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորվել են մարտական հենակետերը, կառուցվել են նոր ճանապարհներ, թարմացվել է զորամասերի ուսումնանյութական բազան, շահագործման են հանձնվել մի շարք նոր շինություններ, այդ թվում մեկ բնակելի շենք` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Անդրանիկ Մակարյանն ընդգծել է, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ու իրային ապահովման կազմակերպման հարցերը:
Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված խորհրդակցության ընթացքում հնչել են նաև մի շարք առաջարկություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ամփոփման ավարտին խորհրդակցության մասնակիցները քննարկել են ամառային ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված միջոցառումները և սեպտեմբերի հիմնական անելիքները: Քննարկումներին սելեկտորային-տեսակապային տարբերակով միացել են նաև բանակային մյուս զորամիավորումների, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների ԶՈւ փոխգործակցության շրջանակում ՊԲ հրամանատարական կազմը: