Ի հիշատակ ցեղասպանության զոհերի. Հրեական երաժշտության լեհական նվագախումբը դուդուկ է նվագել
Culturenews.am-ը գրում է.
Լեհաստանի արեւելյան Բելոստոկ քաղաքում կայացել է KlezmaFour համույթի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լեհական Poranny պարբերականի փոխանցմամբ, քլեզմեր ոճի հրեական երաժշտություն կատարող համույթը փորձել է երաժշտության միջոցով վերստեղծել հայերի կյանքի պատկերը մինչեւ 1915 թվականը եւ ապրիլի 24-ից հետո: Հոդվածում նշվում է.
«Իհարկե, Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների վերապրած բոլոր սարսափներն արտահայտելը դժվար է: Համերգի կարեւորագույն տարրը հայկական դուդուկն էր, որն անհավանական արտահայտիչ հնարավորություններ է ստեղծում: Վարպետ կատարող Քամիլ Ռաձիմովսկին գործիքին մարդկային ձայնի արտահայտություն տվեց:
Բելոստոկում էր նաեւ Հայաստանի դեսպանը, որը համերգի կազմակերպիչներին երախտագիտություն հայտնեց թեմային անդրադառնալու համար, որը լեհերին հայտնի է լեհական ժամանակակից գրականության դասական Ստեֆան Ժերոմսկիի «Գարնան նախաշեմին» եռագրությունից (1918 թվականին Բաքվում հայերի կոտորածների նկարագրության մասին գրքից - խմբ)»: