Շենքի կառուցման համար դրամահավաքը դանդաղ է առաջ գնում, սակայն ստեղծագործական առումով մենք հանգիստ չենք. Համազգային թատրոնի տնօրեն
Interviewtert.am-ը գրում է.
Համազգային թատրոնի շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող տարածքում, սակայն շենքի կառուցման աշխատանքները չեն սկսում: Շինարարական աշխատանքների համար դրամահավաք էր հայտարարվել, սակայն, ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, շատ քիչ գումար է հավաքվել:
-Պարո՛ն Մկրտչյան, թատրոնի շենքի կառուցման աշխատանքները չեն սկսում: Ինչո՞ւ:
-Պատճառը մեկն է, որովհետև գումար չունենք: Մեր ունեցած գումարը թույլ չի տալիս շինարարություն սկսելու, որովհետև դա շատ քիչ գումար է: Ցավոք, թատրոնի շենքի կառուցման համար իրականացվող դրամահավաքը բավական դանդաղ է առաջ գնում: Սակայն թատրոնն իր աշխատանքային ամբողջական ընթացքի մեջ է, թատրոնն սկսում է իր 20-րդ թատերաշրջանը, պատրաստում ենք նոր ծրագրեր, նոր ներկայացումներ, ծրագրում ենք նոր ստուդիա բացել համազգային թատրոնում: Այնպես որ, ստեղծագործական առումով մենք հանգիստ չենք, բավական ակտիվ ենք:
-Ասացիք, որ քիչ գումար ունեք, այսինքն, եղած գումարը կուտակվել է միայն դրամահավաքի՞ց, այլ միջոցներ չկա՞ն:
-Չէ, մենք միայն մեր դրամահավաքի շնորհիվ ունենք գումարներ: Կան մարդիկ, ովքեր մեծ և փոքր ներդրումներ են անում, բայց դա դեռ քիչ է: Առաջիկայում՝ սեպտեմբերի 5-ին, մենք ներկայացնում ենք Լուսինե Խաչատրյանի համերգ-ներկայացումը, և նա իր ամբողջ համերգի հասույթը տրամադրում է համազգային թատրոնի շենքի կառուցմանը: Այդտեղ էլ, իհարկե՛, մի կլորիկ գումար կավելանա, և մենք անպայման նմանատիպ ակցիաները շարունակելու ենք: Այս քաղաքականությունը շարունակվելու է:
-Հիշում եմ, որ թատրոնում ամեն ներկայացումից հետո միջանցքում տեղադրված հուշամատյանում վերջին շրջանում բոլոր այցելուները նոր շենքի կառուցման մասին էին իրենց գրառումները կատարում: Դերասաններն էլ շատ հաճախ էին ակնարկում, թե «շուտով թատրոնի նոր շենք ենք ունենալու, և Պապիկն էլ (Սոս Սարգսյանը) անպայման կղեկավարի մեզ նոր շենքում»: Ի՞նչը խանգարեց, որ նույն ոգևորությամբ շարունակվեին աշխատանքները:
-Մեր աշխատանքների մեջ հետքայլ ու նահանջ չկա, մենք շարունակում ենք նույն ձևով հավատալ և աշխատել: Իհարկե՛, Սոս Սարգսյանի բացակայությունն, ուզենք թե չուզենք, բոլոր առումներով մեր կյանքի վրա անդրադառնում է: Իհարկե՛, Սոս Սարգսյանի կենդանության օրոք ամեն ինչ ավելի հեշտ կարող էր լինել, բայց դա չի նշանակում, որ մենք հիասթափված ենք և չենք աշխատում: Չեմ կարծում, որ դա շատ շուտ լուծվելիք խնդիր է, որովհետև խոսքը միլիոնների մասին է, և հասկանալով դրա բարդությունը՝ ես չեմ կարող միամիտ լինել և ասել, թե շատ շուտով թատրոնի շենքը լինելու է: Բայց այն, որ մեր ամբողջ թատերախումբն այդ հեռանկարով է ապրում, սա անժխտելի է:
-Կառավարության, մշակույթի նախարարության կամ պատկան այլ կառույցների կողմից ժամկետներ չե՞ն նշվում, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները:
-Ժամկետներ չեն նշվում, բայց ես գիտեմ, որ մշակույթի նախարարի օրակարգում է համազգային թատրոնի շենքի կառուցման հարցը, և գիտեմ, որ տիկին Պողոսյանը շատ ակտիվ կերպով աշխատում է այդ հարցի լուծումը գտնելու համար:
-Մի շրջանում հաճախ էին մտահոգություններ հնչում, թե թատրոնի համար հատկացված տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում:
-Այո՛, այդ շրջանում մենք էլ էինք շատ անհանգիստ, բայց այդ բարեկարգվող տարածքը չի մտնում այդ 1200 մետրի մեջ: Հիմա այդ առումով մենք հանգիստ ենք:
-Նոր թատերաշրջանում ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունի համազգային թատրոնը:
-Մի շարք նախագծեր ու ծրագրեր կան, որոնցից բացի նախատեսում ենք նաև հյուրախաղեր և՛ Հայաստանի ներսում, և՛ արտասահմանում: Կարծում եմ, որ 24-րդ թատերաշրջանն իր ակտիվությամբ չի զիջելու որևէ թատերաշրջանի: