Չի կարելի վիճելի հարցերը բռունցքներով պարզել. ՄԻՊ-ը` Ռուբեն Հայրապետյանի գործի մասին
SocietyՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եռանդուն կերպով զբաղվելիս է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպով, սակայն տուժողի խնդրանքով գործը փակվել է: «Այս պարագայում մենք ստիպված ենք կանգ առնել: Ինչ-որ մի պահ մեր հասարակությունը խնդիրներն իրավական դաշտում լուծելու ճանապարհով էր գնում, շատ ցավալի կլինի, եթե հետ գնանք փողոցում կամ բռունցքներով ու ոտքերով խնդիրները լուծելու համակարգին: Հուսամ, որ սա եզակի ու բացառիկ դեպք է, որը չի կրկնվի, չնայած վերջին շրջանում նման դեպքերը շատացել են»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը:
Հարցին` հաշտության պայմաններն արդյոք կասկած չեն հարուցում, Անդրեասյանը նշեց, որ ստիպված են ընդունել, որ Հայաստանում շատ են թաքնված հանցագործությունները, որովհետեւ շատերն իրենք չեն ձգտում պաշտպանել իրենց իրավունքները:
Անդրադառնալով Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքին` Օմբուդսմենը նշեց, որ այդ գործով ՄԻՊ գրասնեյակը վարույթը շարունակում է: «Սպասում ենք նախաքննության վերջնական արդյունքներին, որից հետո կտանք վերջնական գնահատական»,- ասաց Անդրեասյանը: