Սևանի հանրային լողափերում ջրափրկարարներն այս տարի 10 մարդու կյանք են փրկել
SocietyՍևանի հանրային լողափերում այս տարի ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ ջրափրկարարները հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանի հանրային լողափերում 10 մարդու փրկել են խեղդվելուց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարական ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը հայտնեց, որ ջրափրկարարները մի քանի դեպքերում նաև օգնել են հանրային լողափերի հարակից լողափերի ծառայություններից օգտվող քաղաքացիների:
«Եղել է ևս 4 դեպք, երբ հանրային լողափերի հարակից լողափերից հեծանվային նավակներ վարձած քաղաքացիները քամու հետևանքով հայտնվել են լճի կենտրոնական հատվածներում: Ջրափրկարարների ջանքերով նրանք հայտնաբերվել են և անվտանգ տեղափոխվել ափ»,- ասաց Ճզմաչյանը:
Սևանի հանրային լողափերում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Ամռան ընթացքում լճում գրանցվել է ջրահեղձման մեկ դեպք: Հուլիսի 27-ին լճի կենտրոնական հատվածում ջրային սկուտեռի վրայից վարորդն իջել է լողալու և խեղդվել է:
Սևանա լճում այս տարի գործել է 12 հանրային լողափ, որոնցից 4-ը ծառայությունների մատուցմամբ, իսկ մնացածը կարճատև հանգստի համար: Ծառայությունների մատուցմամբ չորրորդ հանրային լողափը ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել է այս տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային լողափերից օգտվող քաղաքացիների քանակը տարեցտարի ավելանում են: