Արմեն Աշոտյանին հարազատ կրթօջախում դիմավորեցին տոնական միջոցառումներով
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարազատ կրթօջախում դիմավորեցին տոնական ելույթներով, փուչիկներով, երգ ու պարով: Երևանի թիվ 45 հիմնական դպրոցը ոսկե մեդալով ավարտած նախարարը սեպտեմբերի 1-ին կրթական հաստատությունում շնորհավորեց դպրոցականներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ը երկրում ամենաուրախ տոներից մեկն է: «Սեպտեմբերի 1-ը ոչ միայն գիտելիքի օր է, այլև յուրաքանչյուր օջախում ապագայի հույս տվող և դեպի ապագա տանող մի գեղեցիկ ավանդույթ: Այսօր հանրապետության դպրոցների դռները կրկին բացվել են մեր սիրելի երեխաների առջև: Շատերի համար այս ճանապարհն արդեն ավանդական է. այն տևելու է 12 տարի: Պատական չէ, որ խնդրել եմ ինձ հյուրընկալել իմ իսկ դպրոցում: Այստեղ կերտվում են 650 հայ մանուկներ, այստեղ են աշխատում տասնյակ հայ մանկավարժներ: Ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շնորհավորեց նաև ԼՂՀ, Ջավախքի և Սփյուռքի կրթօջախների սաներին և մանկավարժներին: «Եկեք կերտենք ապագայի Հայաստանը, որը բացառապես գիտելիքի վրա է հիմնված: Մտովի տեղափոխվեցի 23 տարի հետ և հիշեցի այն պատուհանը, որից փախել ենք դասից, այն մանկավարժներին, որոնցից վախենում էինք»,-նշեց Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով հայ մանկավարժներին և լավ ուսումնական տարի մաղթելով բոլորին:
Դպրոցի տնօրեն Միհրան Փաշայանն աշակերտներին հորդորեց լավ սովորել և բարձր պահել կրթօջախի պատիվը:
«Այսօր համազգային տոն է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ` կրթական աշխատողներիս համար: Դպրոց են վերադարձել մեր սիրելի երեխաները: Դպրոցը կատարում է ազգապահպան կարևորագույն գործ` հազարավոր տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները փոխանցում է նոր սերնդին»,-նշեց Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի տնօրենը:
Տոնական միջոցառման ընթացքում անցկացվեց նաև աշակերտների և ուսուցիչների երդման արարողություն: Նախարար Աշոտյանն առաջին դասարանցիներից մեկին ուղեկցեց իր դասարան:
Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, յուրահատուկ իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Սեպտեմբերի 1-ին հանրապետության 40 հազարից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Հայաստանի ավելի քան 10 հազար երիտասարդներ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ մուտք են գործում բարձրագույն ուսումնական հաստատություններ: