Սյունիքի մարզպետը Գորիսում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին
SocietyՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Գորիսի թիվ 4 և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսավոր միջոցառմանը մարզպետը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով բարձր առաջադիմություն ու գիտակրթական ձեռքբերումներ՝ Սուրիկ Խաչատրյանը, մասնավորապես, նշել է.
«Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային ավանդույթներով, և այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները: Պատմության բոլոր մարտահրավերները սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլև գիտելիքի ու հոգու արիությամբ»:
Արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցել են Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, ծնողներ, դպրոցների նախկին շրջանավարտներ, հյուրեր: Մարզպետը ծանոթացել է դպրոցների դասասենյակային և ուսումնական պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցել ծնողների և ուսուցիչների հետ:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է նաև Գորիսի մի շարք այլ դպրոցներ: