Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ
SocietyՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, անսահման ուրախությամբ և ոգևորությամբ հղում ենք մեր շնորհավորանքները Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ողջ ընթացքում առանձնահատուկ ուշադրությամբ և անմնացորդ նվիրումով է վերաբերվել գիտելիքին` գիտակցելով այդ կենսատու ուժի կարևորությունը և ամենուր վառ է պահել լուսավորության ջահը: Ակնհայտ է, որ այս տոնը վայելում է համաժողովրդական մեծ սեր և խանդավառում է բոլորիս:
Մեր շնորհավորանքներն առաջին հերթին ուղղելով մատաղ սերնդի ներկայացուցիչներին` մաղթում ենք աշակերտությանը ուսումնառության բեղմնավոր ու հետաքրքիր տարիներ: Բացի ստացած գիտելիքներից` դպրոցում նրանք ձեռք են բերում աշխատասիրության, ազնվության, հավատարմության, հայրենասիրության բարձր որակները հմուտ մանկավարժների անդադրում ջանքերի և նվիրվածության շնորհիվ: Առանձնահատուկ հոգածությամբ ենք մեր հայացքներն ուղղում սահմանամերձ շրջանների դպրոցականներին և ուսուցիչներին, որոնց դասերը, ցավոք, երբեմն ընդհա տվում են ոչ թե զանգի ղողանջից, այլ հակառակորդի` պարբերաբար կրկնվող կրակոցներից:
Հայրենիքից դուրս ապրող շատ հայ պատանիներ և երիտասարդներ զուրկ են հայկական կրթօջախներում ուսանելու հնարավորությունից, իսկ այն վայրերում, որտեղ կան հայկական դպրոցներ, մեծ ջանքերի, աննկարագրելի զոհողությունների շնորհիվ է հնչեցվում մեսրոպաշունչ մայրենին, հայ երգն ու խոսքը: Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք ուղղում սփյուռքի մեր մատաղ սերնդին և նրանց հայեցի դաստիարակության ու ինքնության պահպանման համար պայքարող նվիրյալներին` փափագելով, որ նրանց կապը հայրենիքի հետ լինի շարունակական, իսկ տունդարձÕ ¨` բաղձալի:
Միաժամանակ մեր շնորհավորանքներն ենք ուղղում գիտության, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներին, ուսումնական հաստատությունների ուսանողներին, դասախոսական կազմին, գիտաշխատողներին` մաղթելով նրանց նորանոր նվաճումներ իրենց գործունեության ընթացքում` ի շահ հայ ժողովրդի և ողջ մարդկության առաջադիմության ու բարօրության»: