Հակառակորդի կողմից վիրավորված երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար
SocietyՏավուշի մարզում հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանի եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Գեւորգյանը գտնվում է Բերդի հիվանդանոցում: Նա ստացել է թեթեւ վիրավորումներ եւ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մյուս զինծառայողին` Գոռ Գեւորգյանին գիշերը տեղափոխել են Երեւանի պաշտպանության նախարարության Մուրացանի անվան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողը Երեւան է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նա ստացել է կրծքավանդակի հրազենային , այլ բեկորային վիրավորումներ: «Նրան վիրահատել են, վիճակը բավարար է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի զինծառայողը կարողանա վերականգնվել»,- ասաց Արամ Ասատուրյանը` հավելելով, որ դեռեւս վաղ է ասել, զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ:
Սկսած օգոստոսի 31-ի գիշերվանից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի եւ Բերդ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։