Այս տարի հանրապետության տարբեր ջրային տարածքներում գրանցվել է ջրահեղձման 6 դեպք
SocietyԱյս տարվա ընթացքում հանրապետության տարբեր ջրային տարածքներում գրանցվել է ջրահեղձման 6 դեպք: Ջրահեղձման դեպքերից երկուսը գրանցվել են Սևանում, մնացած 4-ը՝ այլ ջրային տարածքներում: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության պետ Արսեն Արշակյանը:
«Սևանում ջրահեղձման դեպքերից մեկը գրանցվել է մինչև լողասեզոնի բացվելը՝ ապրիլի 20-ին: Մեր տվյալներով` քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս է եկել ձկնորսության: Քամու հետևանքով նրա նավակը շուռ է եկել, իսկ քաղաքացին ջրահեղձ է եղել: Մենք ստացել ենք ահազանգ, կատարել ենք որոնողական աշխատանքներ, սակայն, ցավոք սրտի, մինչ այս պահը քաղաքացու դիակը չենք հայտնաբերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արշակյանը:
Սևանա լճում ջրահեղձման մյուս դեպքն արդեն գրանցվել է լողասեզոնի ընթացքում: Քաղաքացին ջրային սկուտեռի վրայից կոշիկներով և հագուստով ցատկել է ջուրը և ջրահեղձ եղել: Փրկարարները դեպքի վայր են հասել 7 րոպեի ընթացքում և ջրից դուրս են բերել քաղաքացու դին:
Տարվա ընթացքում գրանցվել է 14 դեպք երբ քաղաքացիներն ավտոմեքենաներով ջուրն են ընկել: Բոլոր դեպքերում փրկարարները ջրից հաջողությամբ դուրս են բերել ավտոմեքենաները: Այդ դեպքերի հետևանքով զոհեր չեն եղել: