Ոստիկանության կողմից ձեռնարկած քայլերը, ցավոք, չեն շտկում իրավիճակը
Society«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում դիմում-խնդրանքներ ներկայացնել՝ տարաբնույթ խնդիրների լուծման ակնկալիքով: Հերթական դիմումն ուղղված էր հայրենի ոստիկանությանը: Հերթական՝ թվով երրորդ դիմում-բողոքն ուղղված է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանին, որում մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի երթևեկության լարվածություն առաջացնող դրվագների մասին:
Մասնավորապես, որ երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով կենտրոնական փողոցներում և դպրոցների մոտ վարորդներն իրենց մեքենաները երկրորդ, երրորդ շարքերում կայանելով մայրաքաղաքի բանուկ մասերում լրացուցիչ քաոսային իրավիճակ են ստեղծում:
Չնայած մինչ սեպտեմբերի 1-ը ոստիկանությունը տեղեկացրել էր, որ բոլոր վարորդները կարգի կհրավիրվեն, բայց տպավորությունն այնպիսին է, որ որևէ մի վարորդ որևէ ձևով դեռևս կարգի չի հրավիրվել:
Հակառակ դեպքում արդեն երկրորդ օրն է, որ դպրոցների հարակից ճանապարհներով անցնելը դարձել է հերոսության պես մի բան, իսկ ոստիկանները կանգնած նայում են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկում:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ճանապարհային ոստիկանությունը մշտապես քայլեր է ձեռնարկում դպրոցամերձ հատվածներում և մայրաքաղաքի բանուկ մասերում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Իսկ Orer.am-ի այն դիտարկմանը, թե դրանք այնքան էլ տեսանելի չեն, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ ոչինչ չի արվում, նույն վարչությունից պատասխանեցին հետևյալ կերպ:
«Դա ձեր կարծիքն է: Մենք նաև մինչ ուսումնական տարին սկսելը ասուլիսի ժամանակ ենք տեղեկացրել, որ կարգազանց վարորդներին կարգի ենք հրավիրելու», - ասաց Ա. Մալխասյանը:
Մնում է հավելել, հարգելի ոստիկանություն, սա էլ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերը չէ, որ ըմբռնումով մոտենաք խնդրին: Այստեղ ամեն մի վայրկյանը կարող է ճակատագրական լինել թե′ վարորդների և թե′ հետիոտնի համար, ուստի լավ կլիներ, որ երթևեկության կարգավորմանն ուղղված ձեր աշխատանքն ավելի կտրուկ ու տեսանելի լիներ: