Ադրբեջանական նավթի գինը դարձյալ ընկել է 50 դոլարից ցածր
EconomicsՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինը 1,63 դոլարով կամ 3,18 տոկոսով ընկել է եւ կազմել 49,58 դոլար/բարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.azլրատվական կայքը: Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական նավթն արժեցել է 50,54, օգոստոսի 2-ին` 51,21 դոլար/բարել: Լոնդոնի սակարանում օգոստոսի 19-ին տեղի ունեցած սակարկության արդյունքում ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կամել էր 49,63 դոլար, օգոստոսի 20-ին` 48,09 դոլար, օգոստոսի 26-ին` 44,34 դոլար:
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույնը` 149,66 դոլար` 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 42,57 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 38,33 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 47,43 դոլարով ցածր է: