ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծով օգոստոսին ստացվել է 2379 զանգ
SocietyՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով 2015 թվականի օգոստոսին ստացվել է 2379 զանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված զանգերից 942-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 507-ը՝ նպաստներին, որոնցից 300-ը՝ ընտանիքի անապահովության, 4 9-ը՝ երեխայի խնամքի: 143 զանգ վերաբերել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (27), ավանդի փոխհատուցման (116) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Օգոստոսին ստացվել է 20 բողոք, որից 3-ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին իսկ 10-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գծին զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: