Կարևորը թվերը կայուն լինեն, իսկ իրականությունը կարող ենք «նկարել»
AnalysisԹեպետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե առաջին կիսամյակի ցուցանիշներով մեր երկրի տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս, բայց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ իրենց գերատեսչությանը հասնող «սիգնալներն» ամենևին էլ պոզիտիվ չեն:
Մնում է հասկանալ, թե Վիճվարչությունից Կառավարություն ճանապարհին ինչ է տեղի ունենում, որ վարչապետին հասնող ցուցանիշները խիստ լավատեսական են, իսկ ֆիննախին հասնողները՝ խիստ մտահոգիչ:
Հիմա ո՞ւմ հավատանք՝ կհարցնեն միամիտները: «Պետական պաշտոնական վիճակագրական տվյալներին»` կպատասխանեն ռոմանտիկները, իսկ իրատեսները կասեն հետևյալը. «Հարգելիներս, թուղթն ու գրիչը վերցրեք, դուրս եկեք փողոց ու սկսեք հաշվել, թե տվյալ փողոցի վրա քանի մեծ ու փոքր խանութ է վարձով տրվում, քանիսում են «լիկվիդացիոն գներ» պաստառով գնորդի «էստի համեցեք» ասում, որը կրկին հուշում է, որ մի քանի օրից այդ խանութն էլ կփակվի»: Սա ամենա-ամենա երևացող մասն է:
Հետո գնացեք տոնավաճառներ, սուպեր և հիպերմարկետներ ու տարատեսակ մոլեր ու հարցրեք օրվա շրջանառության մասին: Այս ամենից հետո նայեք ամսաթվին, հաշվեք գրպանի փողերը ու երջանիկ եղեք, որ ապրում եք մի այնպիսի երկրում, ուր աշխատավարձից ու գրպանի փողերից բացի ամեն ինչ աճում է, այն էլ՝ շատ կայուն:
Եվ դա ամենևին էլ կապ չի կարող ունենալ ո´չ աշխարհի տնտեսության ցնցումների, ո´չ էլ որևէ տնտեսական ցունամիի հետ: Դրանք միայն աշխարհի հզորների վրա կարող են ազդել, ինչպես օրինակ՝ Չինաստանի դեպքում է:
Իսկ Հայաստանում երջանիկ են բոլորը՝ կայուն առաջընթա՞ց եք ուզում, ունենք: Ուրի՞շ էլ ինչ եք ուզում, ասեք՝ նկարենք: Թուղթն էլ է իրենց ձեռքում, մատիտն էլ:
Հետո ի՞նչ, որ Համաշխարհային բանկի կանխատեսումները մեր երկրի մասով բացասական են, կարևորը մեր կողմից նկարվող թվերն են խիստ դրական: Նման դեպքերում տեղին է ասել՝ կարևորը, որ գերազանցիկի դիպլոմը լինի, իսկ թե դիպլոմատիրոջը հասնող «սիգնալներն» ինչպիսին են, այնքան էլ կարևոր չէ:
Արմինե Գրիգորյան