ՌԴ նախագահին տարիներ են պետք ԱՊՀ երկրներից դոլարը հանելու համար. տնտեսագետ
EconomicsՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ երկրներում դոլարը գործածությունից հանելու և նոր ֆինանսական միասնական շուկա ստեղծելու համար երկար ժամանակ, նույնիսկ տարիներ են անհրաժեշտ: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 1- ին արած հայտարարութ յանը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Հայտարարության իրատեսականությունը բավականին ցածր է, քանի որ պետք է հետևողականություն ցուցաբերել, բավականին երկար ժամանակ է պետք, նույնիսկ տարիներ` որևէ արդյունքի հասնելու համար, որովհետև հասկանալի է, որ հիմնական սեփական հարստությունը կուտակված է դոլարով: Այս դեպքում մի հրովարտակը ղեկավարի կողմից, որով նա առաջարկում է հրաժարվել հիմնական արտարժույթից, այդպես հասարակ ձևով տեղի ունենալ չի կարող»,- հավելեց Բոստանջյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ դոլար-դրամ «պայքարը» պայմանավորված է նրանով, որ ողջ աշխարհի արժութային շուկաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ գերակայություն ունի, և բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, պարզապես դոլարիզացված են: Արտարժույթի ցանկացած վայրիվերումների դեպքում հայկական արժույթը` դրամը, ևս ենթարկվում է փոփոխության, պայմանավորված տարբեր հանգամանքներով` տրանսֆերտների և ապրանքաշրջանառության ծավալների նվազմամբ և այլն: