ՀՀ ֆինանսների նախարարը 25 մլն դոլարի վարկային նոր համաձայնագիր է ստորագրել
EconomicsՎիեննայում սեպտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, կողմերը գոհունակություն են հայտնել մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:
Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը: