«Շանթ 2015» զորավարժության շրջանակում Մատենադարանում խաղարկվեց հատուկ ապաստարան ձեռագրերի տեղափոխման սցենարը
Society«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց. «Մատենադարանն աշխարհում այն եզակի կենտրոններից է, որ ապահովել է պահպանության լավագույն միջոցները: Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով է օժտված: Այն եզակի է նաև աշխարհում, և այդ մասին ասում են նաև օտարերկրյա մասնագետները: Նոր մասնաշենքը լայն հնարավորություններ ունի: Տարբեր վայրերից ցուցանմուշները կարող տարհանվել և պահպանվել Մատենադարանում»:
Նրա խոսքով` տարհանումն արագ ապահովելու համար բոլոր միջոցներն առկա են: «Տարհանումը գաղտնի ծրագիր է: Նոր շենքում կա խոշոր ապաստարաններ, հին շենքում` ստրատեգիական պահոցներ, որոնք մեծ տարողունակություն ունեն»,-հավելեց Հրաչյա Թամրազյանը:
Արխիվային հավաքածուների պահոցում Մատենադարանի տնօրենը ևս մեկ անգամ վստահեցրեց`պահոցները ենթակա չեն անգամ տարերային աղետների: «Եթե անգամ, Աստված չանի, երկրաշարժ լինի, այս պահոցները կմնան այնպես, ինչպես կան: Նման պահոցները նախատեսված են ձեռագրերի, հնատիպ գրքերի համար: Մեր նորանկախ պետությունը հսկայական ներդրումներ է արել նման համակարգ ստեղծելու համար: Այն, ինչ տեսնում եք, աշխարհի եզակի պահոցներից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Հրաչյա Թամրազյանը:
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված հոգևոր արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Մատենադարանի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց ձեռագրերը, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ ճամպրուկի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ և ապահով ստորգետնյա ապաստարան:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: