Հայ տնտեսագետը համաշխարհային տնտեսության ցնցումներից օգուտ քաղելու ուղիներ է ներկայացնում
EconomicsՀամաշխարհային տնտեսությունում կատարվող հոռետեսական գործընթացներից Հայաստանը կարող է օգուտներ քաղել` մի քանի միջոցառումներ իրականացնելով: Այս մասին հայտնեց տնտեսագետ Թութուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրից` Ռուսաստանից, էներգակիրներ գնենք հենց ռուբլով: Ես կհորդորեի, որ կառավարման համապատասխան օղակները փորձեն դիվանագիտության համապատասխան գործիքներով հասնել նրան, որ դաշնակից երկրից մենք կարողանանք ռուբլով ներկրում իրականացնել, որը ձեռնտու կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նա հավելեց, որ ռազմավարության տեսանկյունից նպատակահարմար է ընտրել տնտեսական ուղղության հետևյալ սխեման. «Ռուբլու գոտուց` Ռուսաստանից ու հետխորհրդային այլ երկրներից, որտեղ արժույթներն անկում են ապրում, գնել հումք և դրանք օգտագործելով ու վերամշակելով` ստանալ պատրաստի արտադրանք, որը կարելի է ուղղել, արտահանել դոլարային գոտի, որն ավելի շահավետ կլինի մեզ համար»,-խորհուրդ տվեց տնտեսագետը:
Բացի այդ` նա առաջարկեց խրախուսել հայ գործարարներին, որ նրանք Արևմտյան բազմաթիվ ընկերություններից, որոնք սնանկանում են, գնել սարքավորումներ ու զարգացնեն վերամշակման ճյուղը` բարձրացնելով մրցունակությունը:
Թաթուլ Մանասերյանի խոսքով` արտաքին ազդեցությունները նկատելի են Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն ավելի շատ ներմուծող երկիր է, քան արտահանող: «Մենք, բնականաբար, ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլև այն գները, որոնք ձևավորվել են համաշխարհային շուկայում: Այլ բան է, որ մենք արտահանումն ավելացնենք, իսկ տեմպերի առումով որոշակի աճ նկատվում է վերջին տարիներին, բայց դրանք ցանկալի տեմպերը չեն»,-փաստեց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետը շեշտեց հանգամանքը, որ ներկայում տեղի է ունենում ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում: «Բուն միտումը սխալմամբ շատ փորձագետներ անվանում են դրամի արժեզրկում: Դա իրականում դոլարի արժևորում է, նաև ռուբլու արժեզրկում: Պետք է փաստեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի արժույթը անկում է ապրել, ինչպես Ադրբեջանը ու Ղազախստանը, որոնց ազգային արժույթները ևս արժեզրկվել են, խիստ կախվածություն ունեն արտաքին շուկաներից, Հայաստանի դեպքում այդ ազդեցությունը միջնորդավորված է»,-հայտենց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ մեր վիճակն ավելի վատթար կլիներ, եթե դրամն այլ արժույթների նկատմամբ ավելի շատ արժեզրկվեր:
Նրա դիտարկմամբ` համաշխարհային տնտեսության ներկայիս միտումները երկար շարունակություն կարող են ունենալ, քանի որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը ոչ միայն տնտեսական ճգնաժամ էր, այլև` գաղափարախոսական ճգնաժամ: «Լիբերալիզմը որպես բացարձակ ազատական տնտեսության գաղափար, քանդվեց, չկա այդպիսի երկիր համաշխարհային տնտեսության մեջ, որ դավանի բացարձակ ազատական տնտեսությանը: Սա նշանակում է, որ երկար ժամանակ փնտրտուք է գնալու տնտեսության զարգացման մոդելների: Այն, ինչ Արևմուտքը քարոզում էր տասնամյակներով, խախտում էր հենց ինքը` թե&nbs p; սուբսիդավորելով սեփական տնտեսությունը, թե ճգնաժամի առաջին փուլում փրկագին վճարելով մասնավոր ընկերությունների համար: Այս պայմաններում անկայունությունը տարբեր դրսևորումներ կունենա»,-նշեց Թաթուլ Մանասերյանը: