Էս ո՞վ ա, ոստիկաններին կանչեք, թող սրան հանեն. Հրայր Թովմասյանը դուրս եկավ հունից
SocietyԱյսօր ԱԺ-ում կրքերը թեժ էին` սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը հարց ուղղեց Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջարկված ընտանիքի մոդելի վերաբերյալ: Մինչ Հ. Թովմասյանը ներկայացնում էր ընտանիքի մոդելը՝ ասելով, թե Հայաստանում միասեռ ամուսնությունները չեն կարող ընդունելի լինել, քանի որ դա հակասահմանադրական է, նիստերի դահլիճում ներկաներից մեկը սկսեց բղավել՝ հակադարձելով, թե Սահմանադրության նախագծում առկա է միասեռ ամուսնությունները օրինականացնելու դրույթը: «Խոսում եք ընտանիքից, բայց միասեռական ամուսնություն եք թույլ տալիս»,- տեղից բղավեց երիտասարդը՝ մատը թափ տալով Հ. Թովմասյանի վրա: Նման վերաբերմունքին ի պատասխան՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը կիսաբորբոքված պատասխանեց. «Եթե բղավում եք, դա չի նշանակում, որ ճիշտ եք, մատն էլ իջեցրեք: Եթե եկել եք այստեղ լսելու և չհասկանալու, ձեր խնդիրն է… Էս ո՞վ ա, ոստիկաններին կանչեք, թող սրան հանեն»:
Սոսե Չանդոյան