Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնի ընթացքում կհնչեն 26 հեղինակների գործեր
CultureԵրիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնի ընթացքում կհնչեն 26 հեղինակների ստեղծագործություններ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 9-13-ը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, փառատոնի երեք համերգները կանցկաց վեն կոմպոզիտորների միության դահլիճում:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի խոսքով` երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռել դրսևորվելու և ցուցադրելու իրենց ողջ կարողությունները:
«Սա մի հիանալի առիթ է ևս մեկ անգամ համախմբվելու միասնական երաժշտական տանիքի տակ, ինչն իր հերթին երիտասարդ կոմպոզիտորների համար ճանապարհ կհարթի ամրապնդելու կապը միմյանց, ինչպես նաև երաժշտասեր հանրության հետ»,- նշել է Արամ Սաթյանը:
Արդեն ավանդույթ դարձած համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կառանձնանա նաև նրանով, որ համերգային օրերի ընթացքում կկատարվեն հայ կոմպոզիտորների՝ տարբեր հեղինակավոր մրցույթներում հաղթած ստեղծագործությունները: Համերգների մուտքն ազատ է: